22/09/2021

Շահագործման է հանձնվել «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահը



Սեպտեմբերի 16-ին շահագործման է հանձնվել Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահը, որի կապակցությամբ Մոսկվայից Գյումրի ժամանած առաջին ուղևորներին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից մատուցվել է անակնկալ՝ խորհրդանշական նվերների տեսքով:

Նոր և ժամանակակից ստանդարտներով կառուցված ժամանման սրահի շնորհիվ ուղևորներն այսուհետ կսպասարկվեն ավելի հարմարավետ պայմաններում:

Ժամանաման սրահը, որն ավելի քան 2 անգամ մեծ է նախկին ժամանման սրահից, ունի ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, որն անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավոր է մինչև 3 անգամ ավելացնել, իսկ օդանավակայանի փաստացի թողունակությունը տարեկան 250.000 ուղևորից կհասցվի մինչև 700.000 ուղևորի:

Ժամանման սրահում կիրականացվի անձնագրային հսկողություն, կտրամդրվեն մուտքի արտոնագրեր, կգործի ուղեբեռի փոխադրման նոր ժապավեն:

Ավարտին են հասցվել նաև «Շիրակ» օդանավակայանի վազքուղու ամբողջական նորոգման շինարարարական աշխատանքները, որը վերջին անգամ նորոգվել էր 2007 թվականին: Վազքուղում ներդրվել է նաև դրենաժային համակարգ, որը ընդհանրապես բացակայում էր և բացասական ազդեցություն էր ունենում վազքուղու ծածկույթի վրա:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա: Օդանավակայանի վազքուղին ունի 3220մ երկարություն և 45մ լայնություն: 2007թ. ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել էր ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ