08/10/2019

ՕՓՀ ծառայությունը համալրվել է նոր Oshkosh Striker 3000 տիպի ՕՓՀ մեքենայով



«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Օդանավերի փրկարարական և հակահրդեհային (ՕՓՀ) ծառայության հակահրդեհային սարքավորումների և հարմարությունների արդիականացման համար իրակացրած ներդրումների արդյունքում ծառայությունը համալրվել է ևս մեկ նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, ամերիկյան արտադրության Oshkosh Striker 3000 տիպի ՕՓՀ մեքենայով:

Սա ևս, ինչպես ծառայության մյուս մեքենաները, նախատեսված է օդանավերի հրդեհաշիջման համար և, որպես այդպիսին, ապահովված է երեք տարբեր հրդեհաշիջման միջոցներով՝ ջրով, փրփուրով և չոր քիմիական հրդեհաշեջ նյութով:

Մեքենան փոխադրում է ավելի քան 11 տոննա ջուր, ավելի քան 1.5 տոննա փրփուրի խտանյութ և 250 կգ չոր քիմիական հրդեհաշեջ նյութ: Մեքենայի պոմպի արտադրողականությունը վայրկյանում 125 լիտր ջուր է:

Ծառայությունը համալրվել է նաև բարձրորակ և կրկին միջազգային չափանիշներին համապատասխանող, ամերիկյան նոր համազգեստներով:

Նշենք նաև, որ օդանավակայանի ՕՓՀ ծառայությունը, հարկը եղած դեպքում, դեպքի վայր պետք է հասնի մինչև 3 րոպեում:

Վերադառնալ